ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Աշխարհում ամեն բան կարող է դառնալ սիրելի

Աշխարհում ամեն բան կարող է դառնալ սիրելի
19.12.2023 | 18:08

Կան բաներ, որոնք մենք սիրում ենք, քանի որ դրանք սիրում են կամ սիրել են մեր սիրելիները: Օրինակ, ֆիլմեր կան, որոնք դիտելիս ես հիշում եմ հորս: Հիշում եմ նրա ծիծաղը սրամիտ հատվածների ժամանակ, նրա ժպտուն աչքերը, ձեռքի թեթև շարժումները, և այդ ֆիլմերը, որ գուցե թե մեկ այլ դեպքում ինձ առանձնապես չհիացնեին, դառնում են լավագույններից լավագույնը:

Կամ, օրինակ, Իվան Կրամսկոյի հայտնի կտավն ինձ պիտի միշտ հիշեցնի մորս, նրա հայացքը, որով նայում էր դիմանկարին, ու այնտեղ թաքնված խորհրդավոր քնքշությունն ասես կենդանություն էր առնում, փոխանցվում էր իրեն և վարակում էր նաև ինձ, երբ մայրս պատմում էր այդ կտավի մասին: Ամեն անգամ դա տեսնելիս ես պիտի պարուրվեմ նրա ջերմությամբ, և աշխարհում ստեղծված շատ ու շատ կտավներ իմ ներսում պիտի մրցեն նրա հետ, սակայն այս անգամ ոչ վարպետությամբ ու տաղանդով, այլ՝ հարազատությամբ:

Նաև երգեր կան, որոնք դառնում են մեր արյան բաղադրությունը, թեև ամենալավը չեն երգերի մեջ, սակայն եզակի են իրենց հետ եկող հիշողությամբ և այն մարդկանց ներկայությամբ, ում հետ ինչ-որ հեռավոր մի օր, ինչ-որ մի վայրում դրանք հնչել են և պահը դարձրել են հեքիաթային ու բացառիկ: Հետո երգը ապրել է ու իր հնչյունների մեջ պահել է դիմագիծն այն մարդկանց, ովքեր սիրելի են քեզ համար: Եվ այդ մարդիկ դարձել են երգ` հնչեղ, կենդանի, հուզիչ ու անբաժան:

Աշխարհում ամեն բան կարող է դառնալ սիրելի, եթե դուք սիրեք նաև այն, ինչ ձերը չէ, բայց նրանցն է եղել, ովքեր գիտեին սիրելու այդ գաղտնիքը:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 6147

Մեկնաբանություններ